ԱԱԾ–ի շենքի մոտ սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են փաստաբանի վրա

Գայանե Պապոյան
Գայանե Պապոյանի վրա հարձակված տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ազգային անվտանգության շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ–Նովա 27 շենքի բակային հատվածում, մի տղամարդ սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է փաստաբան Գայանե Պապոյանի վրա։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով Ազգային անվտանգության ծառայության ընդունարան և օգնության կանչելով ԱԱԾ աշխատակիցներին, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս»,- գրել է փաստաբանը։
Պապոյանը զանգել է ոստիկանություն։ Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանն էլ «Ֆեյսբուքում» գրել է, որ տեղի ունեցած միջադեպը փաստաբանի մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի:
«Մենք անմիջապես զրուցել ենք նրա հետ և տեղեկացել կատարվածի մասին: Բարեբախտաբար, մեր գործընկերոջ մոտ ամեն բան կարգին է»,- նշել է նա։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։