ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով: 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«44-օրյա պատերազմն ի չիք դարձրեց գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը, որոնք միտված էին ԼՂ-ի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։ Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մարտում ընկած մեր նվիրյալների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ»,–ասված է նախագահի ուղերձում։
Խաչատուրյանը նշում է նաև, որ այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել նահատակների զոհաբերությունը։ Ըստ նրա` պետք է գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։