Թուրքիայի քաղաքացի քրդերի նկատմամբ ՀՀ-ում օգոստոսից հետախուզում է հայտարարված. ԱՆ

Հայ–թուրքական սահման
Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել Հայաստանի Հանրապետությունում։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարությունը։
Նշենք, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը Հայաստանում են 2021թ-ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
«ՀՀ–ում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը: Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտը ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»,–նշված է հայտարարության մեջ։
Արդյունքում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին:
«Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` արդեն ավելի քան 2 օր է, ինչ սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Հայաստանին ուղղված մեղադրանքներ ու քննադատություններ կան նաև քրդական տեղեկատվական ու սոցիալական աղբյուրներում։
ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ տարածեց. ԱԱԾ–ն հայտնեց, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարեց, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։
Թե ինչպես են Հայաստանում գտնվող քրդերը հասել Թուրքիա, հարցը մնում է առկախված։
ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում