Թուրքիայի կառավարությունը քննարկելու է հայ–թուրքական կարգավորման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Նույն նիստում նախատեսվում է քննարկել նաև Հունաստանի, Իսրայելի հետ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է քննարկել հայ-թուրքական կարգավորման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ըստ կայքի` հայ–թուրքական հարաբերություններից բացի, կառավարության նիստի օրակարգում են նաև տարածաշրջանային այլ խնդիրների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումները հստակեցնելու հարցերը։
Մասնավորապես` նույն նիստում նախատեսվում է քննարկել նաև Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Քննարկման ենթակա թեմաներից են նաև Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։