Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սպասվում են ցավոտ լուծումներ, որոնք ոչ մեկի քիմքին հաճո չեն լինելու. Լևոն Տեր– Պետրոսյան

Տեր–Պետրոսյանի խոսքով` երկխոսության է պետք նստել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Նրա խոսքով, սակայն, այս պահին այլընտրանք չկա։
«Մենք գտնվում ենք մի այնպիսի ճակատագրական իրավիճակում, երբ նախկին հակասությունները, վեճերը պետք է մի կողմ դնել։ Պահանջվում է երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև»,–ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նրա խոսքով` երկխոսության է պետք նստել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես` թե Ռուսաստանը մեզ ինչ է առաջարկում, Թուրքիան ու Ամերիկան ինչ են առաջարկում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք և կոնֆիդենցիալ լինի այդ ամենը»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։