Սևանա լճի մակարդակը կրկին իջել է

Սևանա լիճ
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.46 մ, ինչն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 3 սմ-ով։
«Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ կազմել է 165.063 մլն մ³»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602 մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ 154.874 մլն մ³: