ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ մասնակի զորահավաքի անցկացման ժամանակ խախտումներ են արձանագրվել։
«Իսկապես կան դեպքեր, երբ հրամանը խախտումներով է իրականացվում։ Որոշ մարզերում ղեկավարներն ակտիվորեն աշխատում են իրավիճակը շտկելու համար։ Ակտիվ և բավական անհրաժեշտ աշխատանք են տանում մեր լրագրողները և ՀԿ–ների ներկայացուցիչները։ Եվ դա շատ կարևոր է»,–ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը տեղյակ է սխալ զորակոչերի դեպքերի մասին, և ինչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել այդ առնչությամբ։
Նա նշել է, որ ողջ տեղեկատվությունը փոխանցվում է և՛ մարզերի ղեկավարությանը, և՛ ՊՆ–ին։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելին է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։