ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ ավիացիան ԴԺՀ Սվյատոգորսկի շրջանում ոչնչացրել է մինչև 100 վարձկանների և ազգայնականների։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից ճշտել են, որ հրթիռային հարվածով Ուկրաինայի զորքերի 10-րդ լեռնագրոհային բրիգադի կառավարման առաջապահ կետում՝ ԴԺՀ-ի Չասով Յար բնակավայրի շրջանում, բրիգադի հրամանատարության խորհրդակցության ժամանակ ոչնչացվել է մինչև 25 ուկրաինացի զինծառայող, ավելի քան 40-ը վիրավորում են ստացել: Շարքից հանվել է 8 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում 13 ուկրաինական ԱԹՍ է խոցել Դոնեցկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում:
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է 302 ինքնաթիռ, 155 ուղղաթիռ, 2087 անօդաչու թռչող սարք, 377 զենիթահրթիռային համալիր, 5114 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 845 մարտական մեքենա, 3417 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 5904 միավոր», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։