ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանի կոչ է անում թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը հեռարձակվել Է Ելիսեյան պալատի թվիթերյան էջում։
Մակրոնը նշել է, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին կրիտիկական է։
«Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունն առանց հապաղելու պետք է վերսկսվի», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով ՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։
«Ես խաղաղության վերականգնման և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում», - ասել է Մակրոնը։
Նշենք, որ Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ առաջիկա ժամերին մտադիր է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ֆրանսիան կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան», - հավաստիացրել է Մակրոնը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։