Ջորջի Մելոնի. «Ես Ջորջին եմ, ես կին եմ, ես մայր եմ, ես իտալացի եմ, ես քրիստոնյա եմ»

Ջորջի Մելոնի
Դեռ մանկության տարիներին մեր տեսած կինոնկարներից գիտենք՝ իտալական ավանդական ընտանիքի իրական հայրը մայրն է։
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Եթե փաստեմ, որ կա մի երկիր, որի հին ղեկավարներից հոգնած քաղաքացիները անսպասելիորեն պետության ղեկավար ընտրեցին քաղաքական գործիչ դարձած և ժողովրդի առնվազն մի մասի անհուն սերը վայելող, դիպլոմ չունեցող նախկին լրագրողին, միանգամից կասեք՝ իհարկե, այդ երկիրը Հայաստանն է։
Այո′, շատ ճիշտ եք, բայց այսօրվանից, կարծես թե, մենք արդեն միակը չենք։ Իտալիայում կիրակի օրը կայացած ընտրություններում ամենից շատ քվե ստացավ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, որի առաջնորդը՝ համալսարանը չավարտած նախկին լրագրող Ջորջի Մելոնին, որը նույնպես բազմաթիվ հավատարիմ երկրպագուներ ունի, ամենայն հավանականությամբ կդառնա երկրի պատմության ընթացքում առաջին կին վարչապետը։ Ավելին, Բենիտո Մուսոլինիից հետո առաջին անգամ Իտալիայում իշխանության են գալիս ծայրահեղ աջերը։ Ինչո′ւ։
Կներե′ք, իսկ ինչո՞ւ Հայաստանում հնարավոր դարձավ թավշյա հեղափոխությունը։ Կարելի է պատասխանել նոր իշխանությունների երևի թե ամենասիրած արտահայտությամբ. «Նախկիններն են մեղավոր»։ Որովհետև ո′չ Հայաստանում, ո′չ էլ Իտալիայում նախկինները իրենց ավանդական, կարծրացած մտածողությամբ չէին էլ պատկերացնում, որ հասարակ մարդկանց հակակրանքը իրենց հանդեպ կարող է իշխանության բերել այն ուժերին, որոնք նախորդ ընտրություններում չնչին ձայներ էին ստացել և հազիվհազ մտել պառլամենտ։ Մյուս որոշիչ գործոնն էլ այն էր, որ երկու երկրներում էլ իշխանությունից լիովին օտարված մարդիկ հանկարծ զգացին, որ իրենց հետ խոսում են, իրենց բանի տեղ են դնում։
Ջորջի Մելոնին մեծացել է Հռոմի արվարձաններից մեկում, համալսարանական դիպլոմ չի ստացել, փոխարենը հրաշալի գիտի շարքային իտալացիների տրամադրությունները։ Նրա՝ 10 տարի առաջ հիմնած կուսակցության անդամներն էլ վերջին տարիներին անընդհատ շփվում էին ընտրողների հետ հենց տներում ու բակերում, ինչը մնացած քաղաքական ուժերը իրենց արժանապատվությունից ցածր էին համարում։ Արդյունքն էլ իրեն սպասեցնել չտվեց. եթե նախորդ ընտրություններում Ջորջի Մելոնիի կուսակցությունը ստացել էր ընդամենը 4 տոկոս ձայն, ապա այս կիրակնօրյա ընտրությունների նախօրեին նրա օգտին պատրաստ էր քվեարկել յուրաքանչյուր չորրորդ իտալացին։
Տիգրան Ավինյանը կդառնա փոխքաղաքապետ. արդյոք սա մի քայլ չէ՞ վարչապետության ճանապարհին
Շատերն այս կուսակցությունից վախենում են, ասում են՝ կրկին ֆաշիստներն են եկել, հիշելով, որ ուղիղ 100 տարի առաջ՝ 1922-ի աշնանը, Բենիտո Մուսոլինին պետական հեղաշրջում իրականացրեց, դարձավ բռնապետ և կառավարեց երկիրը 20 տարի շարունակ։ Հիմա, իհարկե, ամեն ինչ կատարվեց ժողովրդավարության պահանջներին համապատասխան, նոր ուժը եկավ ընտրությունների միջոցով։ Ջորջի Մելոնին, բնականաբար, չի կարող բռնակալ դառնալ, իսկ թե որքան երկար կմնա իշխանության՝ ոչ ոք չի համարձակվի կանխատեսել, քանզի վերջին 30 տարում Իտալիայում 20 կառավարություն է փոխվել։ Իսկ այս նոր կառավարության մարտահրավերները չափազանց լուրջ են։
Պետական պարտքն Իտալիայում, ճիշտ ու ճիշտ Հայաստանի նման, ռեկորդային է։ Եթե մեզ մոտ այն հասել է 10 միլիարդ դոլարի, ապա Իտալիայում վերջին հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ այն կազմել է ներքին համախառն արդյունքի 150 տոկոսը։ Որտեղի՞ց փող ճարել։ Հո չե՞ս ասելու՝ հարկերն եմ բարձրացնելու։ Հակառակը՝ Իտալիայի աջերը ձախերի ծրագիրն են ընդօրինակել և խոստանում են իջեցնել հարկերը։
Ինչե՜ր չես անի ընտրողների սիրտը շահելու համար։ Օրինակ, մարդիկ բողոքում են ներգաղթյալների չդադարող հոսքից, Ջորջի Մելոնին ասում է՝ անմիջապես կսահմանափակենք։ Շատերը դժգոհ են, որ Եվրոպայում չափից դուրս մեծ ուշադրություն են հատկացնում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությանը, Ջորջի Մելոնին խոստանում է՝ Իտալիայում նման բան թույլ չեմ տա։ Եվ մեծամասնությանը այս դիրքորոշումը դուր է գալիս, քանզի դեռ մանկության տարիներին մեր տեսած կինոնկարներից գիտենք՝ իտալական ավանդական ընտանիքի իրական հայրը մայրն է՝ խոհանոցում ամեն օր ուտելիք պատրաստողը, երեխաներին դաստիարակողն ու մեծացնողը, բոլորի ցավերն ամոքողը, կարևորագույն որոշումներ կայացնողը։
Թագավորների անհոգ կյանքի վերաբերյալ մեր պատկերացումները խիստ չափազանցված են
Եվ բոլորովին պատահական չէ, որ իր վերջին նախընտրական հավաքը Ջորջի Մելոնին անցկացրեց հենց Նեապոլում. այն քաղաքում, որը խորհրդանշում է Իտալիայի բոլոր պրոբլեմները՝ աղքատություն, գործազրկություն, հանցագործություն, և հայտարարեց. «Ես Ջորջին եմ, ես կին եմ, ես մայր եմ, ես իտալացի եմ, ես քրիստոնյա եմ»։ Ավելին, այդ կինը, որը հավանաբար վարչապետ կդառնա, փաստեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլևս մեծամասնություն չունի խորհրդարանում, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին պակասում են իր նախորդի՝ Անգելա Մերկելի վստահությունը և հեղինակությունը։ Այսինքն, Ջորջի Մելոնին ակնարկեց ՝ Եվրոպայում եկել է իմ ժամանակը։