ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն: Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը:
«Ընդ որում` երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները»,– ընդգծել է նա:
Փաշինյանը նաև շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել:
Նա հավելել է, որ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
«Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա»,–նշել է վարչապետը:
Անդրադառնալով երկարաժամկետ լուծումներին` Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Նրա խոսքով` Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը:
«Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,–ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերվանից սկսած ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտեր էին ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար, Ներքին Հանդ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 է, զոհվածների թվում կա երեք խաղաղ բնակիչ։
Վիրավորվել է 293 զինծառայող և 7 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինվորական գերի է ընկել։