Հակոբավանքը վերականգնելով` կհաղթենք մշակութային «պատերազմում». Արցախում արվող ծրագրի մասին

Հակոբավանքը. Արխիվային լուսանկար
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է անցել ավելի քան 1500 մշակութային կոթող, որից մոտ 150-ը ոչնչացվել կամ յուրացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման և Քոլատակ գյուղի զարգացման համար պահանջվում է 1 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 25 հազարն արդեն հավաքվել է, և հնարավոր է սկսել 1 եկեղեցու շինարարությունը։ Այս մասին լրագրողների հայտնեց «Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնումը և Քոլատակ գյուղի զարգացումը» ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը։
«Թշնամին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե Հակոբավանքը աղվանական է։ Մենք այժմ մտել ենք այս «պատերազմի» մեջ, վերականգնում ենք վանքը և համոզված եմ, որ այս «ճակատամարտում» կհաղթենք։ Ծրագիրը նախաձեռնել է Արցախի կառավարությունը և Արցախի թեմը` Վրթանես Սրբազանի գլխավորությամբ։ Ծրագրին միացել են հիմնադրամներ, կազմակերպություններ և ուղղակի անհատներ»,– նշեց Հարությունյանը։
Ծրագրի համակարգողը շեշտեց, որ ամբողջ վանական համալիրը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլն ԱՄՆ դոլար։ Համալիրի ներսում գտնվող 3 եկեղեցու վերականգնման համար կարող է նաև 350 հազար ԱՄՆ դոլարը բավականացնել։
«Արցախի կառավարությունը խոստացել է կրկնապատկել այդ գումարը մինչև մոտ 40 հազար ԱՄՆ դոլար։ Այսպիսով կկարողանանք առաջին եկեղեցու շինարարությունը սկսել։
Վանքի վերականգնմանը մասնակցում են նաև միջազգային մասնագետներ։
Հակոբավանքը
Մոտ ապագայում` դեկտեմբերի 15-ին հաջորդող շաբաթ օրը (Սուրբ Հակոբի մահվան օրն է) նախատեսվում է մոտ 200 հոգանոց խմբով ուխտագնացություն դեպի Հակոբավանք։
Հարությունյանը հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է անցել ավելի քան 1500 մշակութային կոթող, որից մոտ 150-ն արդեն ոչնչացվել կամ յուրացվել է։