ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում արժանացել է առաջին մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։
«Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը, առաջին մրցանակի է արժանացել «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական խմբեր։ Նշենք, որ փառատոնն անցկացվել է 41-րդ անգամ: