Բերդում ստիպել են նախընտրական քարոզչություն անել. 2 անձ կալանավորվել է

Ձեռք բերված բավարար ապացույցներով Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչություն անել ստիպելու համար, հայտնում է քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ–ի տվյալների` 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, Բերդ համայնքի ՏԻՄ ընտրություններում սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, օգտագործելով իշխանական լիազորությունները, համայնքի բնակիչներին ստիպել են քարոզչություն կատարել դաշինքի օգտին։
Մասնավորապես` Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սպառնացել են լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե նա չընդգրկվի հիշյալ դաշինքում ու քարոզչություն չկատարի դրա օգտին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) և 5-րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ սեպտեմբերի 25–ին ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթացել։
«Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն է, որը 2021թ-ի նոյեմբերի 9-ից գտնվում է անազատության մեջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով («Պաշտոնեական կեղծիքը)։
Հայաստանի 18 համայնքներում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները