ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս մեկ՝ չորրորդ իրանական ինքնաթիռի նկատմամբ ՌԴ-ի դեմ արտահանման վերահսկողության միջոցները խախտելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան գերատեսչությանը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ամերիկյան իշխանություններն իրանական Mahan Air, Qeshm Fars Air և Iran Air ավիաընկերությունների երեք Boeing 747 ինքնաթիռ են ավելացրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խախտող օդանավերի ցանկում:
«Անցած երկուշաբթի մենք հայտարարել էինք, որ իրանական երեք բեռնատար օդանավեր բեռներ են հասցրել ՌԴ՝ փորձելով շրջանցել մեր միջոցառումները։ Այսօր մենք հայտնաբերել ենք չորրորդ ինքնաթիռը, որը Ռուսաստան է ժամանել մեր վերահսկողության միջոցառումները խախտելով։ Այդ ինքնաթիռը վերահսկվում է Իրանի Ռազմաօդային ուժերի կողմից»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցների ենթարկված ինքնաթիռներին աջակցությունը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից միջոցառումների իրականացմանը։
Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։