Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից. Փաշինյանի ելույթը Փարիզում

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հարցը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են Հայաստանի տարածքը և պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Այս մասին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման:

«2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հարցը պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։
ՀՀ կառավարության ղեկավարը միջազգային հանրությանն առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
Համատեղ մամուլի ասուլիսին նախորդել է Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ առաջիկա ժամերին մտադիր է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։