13 օր է՝ մեր տղաներից լուր չունենք. զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են

Զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են
Զինծառայողների ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը խոսի և ասի` ինչ է հայտնի իրենց տղաների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ և ասում են, որ 13 օր է՝ տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։
«Միայն գիտենք, որ գտնվում են Վերին Շորժայի տարածքում ինչ–որ ձորակի մեջ` վիրավոր և զոհված։ Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մենք որևէ պատասխան ենք ուզում։ Իմ տղան 1.5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին լուրը սեպտեմբերի 13-ի առավոտյան եմ նրանից ստացել։ Հիմա ես չգիտեմ` իմ տղան գերեվարվել է, զոհվել է, թե վիրավոր է»,–ասաց զինծառայողներից մեկի հայրը` Սերժ Ղազարյանը։
Նրա խոսքով` իրենց երեխաների ճակատագիրն անհայտ է, գուցե իշխանությունն ինչ–որ քայլեր է անում, սակայն արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա։
Ղազարյանը նշեց, որ ՊՆ–ի մոտ են հավաքվել` ակնկալելով, որ այստեղ կպատասխանեն իրենց հարցերին։
Զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: