ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
«Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ»,– ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։
Երկուստեք ընդգծվել է խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։
Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։