Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարիի հանդիպումը Նյու Յորքում
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նրանց հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունների անհրաժեշտությունը և նոր ագրեսիաները կանխելու նպատակով գործուն քայլերի իրականացումը։
«Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ հանդիպումների ընթացքում Հնդկաստանի բարձրաձայնած դիրքորոշումը»,–ասել է Միրզոյանը։
Քննարկվել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձ են կատարել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող հարցերում հնդկական կողմի արտահայտած դիրքորոշումները։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին, Հնդկաստան- ՄԱԿ համագործակցությանը նվիրված միջոցառմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել էին հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։