ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ոսկու շուկայի հետնամասում` Ծերենցի փողոցում, երեկ ուշ երեկոյան մի խումբ մարդիկ վիճաբանել են, որից հետո կրակել են միմյանց վրա։ Արդյունքում 2 հոգի մահացել է։
Shamsyan.com կայքի տեղեկություններով` երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում նշված տարածքում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն, 44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:
Վիճաբանությունից հետո Արթուր Կ.-ն հեռացել է, ապա որոշ ժամանակ անց Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Հովհաննես Պ.–ն իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Ըստ կայքի` Հովհաննես Պ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է Բավրայի սահմանային անցակետում, երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից ու ատրճանակից արձակված մեծ քանակի պարկուճներ, արնանման հետքեր։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը):