Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կարևոր է ագրեսոր պետությանը հստակ դատապարտելը. Միրզոյանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ
ՀՀ ԱԳ ղեկավարը նաև շեշտել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, Միրզոյանը կարևորել է ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը:
Միրզոյանը նաև շեշտել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։