Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ այդ ժամի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել էին հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։