ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով ԱԱԾ-ի օրինակին, նույնպես անդրադարձել է սոցկայքերում տարածված լուրերին, թե Հայաստանը ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին փոխանցել է Թուրքիայի իշխանություններին։
«Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր` պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, համացանցում տարածված ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին արդարադատության նախարարության կողմից Թուրքիային փոխանցում չի իրականացվել»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ արդարադատության նախարարությունը նաև հայտնում է, որ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին հանձնելու կամ փոխանցելու հարց չի քննարկվել։
Հիշեցնենք` սոցիալական կայքերում առկա տեղեկատվության համաձայն` Հայաստանը Թուրքիային է արտահանձնել ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Սոցիալական կայքերում տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Նշենք, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը Հայաստանում են 2021թ–ի օգոստոսի 16-ից։ Ըստ նրանց նկատմամբ հրուցված քրեական գործի` այդ օրը նրանք Սյունիքի մարզում հատել են ՀՀ պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Արաքս գետով մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել պետական սահմանը ապօրինի հատելու, ինչպես նաև զենք–զինամթերքի մաքսանենգության համար (2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ): 2021թ–ի հոկտեմբերին մեկնարկած դատավարությունն ավարտվել է 2022թ–ի ապրիլի 27-ին` Վճռաբեկ դատարանի որոշմամբ։
Օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման: Սակայն պատիժը երկու ամբաստանյալների նկատմամբ էլ որոշվել էր պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի ձերբակալության մասին թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր սեպտեմբերի 23-ին` նշելով, որ վերջինները Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ են։
Նրանց ձերբակալության մեջ Հայաստանի մասնակցության մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում։