ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակցում են «Քրիստոնեությունը Կովկասում. ավանդույթներ և արդիականությունը» համաժողովին, որն անցկացվում է Վլադիկավկազում և նվիրված է Ալանիայի մկրտության 1100-ամյակին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։ Հայկական եկեղեցու պատվիրակությունը գլխավորում է վարդապետ Շահե Անանյանը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Արևելքի եկեղեցիներից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի մոտ, աղոթք հնչեցրել «Հրեշտակների քաղաք» գերեզմանատանը, որտեղ հանգչում են 2004 թվականին Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհվածները։
Սպասավորներն աղոթք են կարդացել «Ողբի ծառի», ինչպես նաև Բեսլանի գերեզմանում տեղադրված հայկական խաչքարի մոտ։
Համաժողովի միջոցառումներին մասնակցում են պետական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև կրոնական և հասարակական գործիչներ Ռուսաստանից, Հայաստանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Լիբանանից և Սերբիայից։