ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երեք քաղաքական ուժ՝ ընդհանուրը 147 թեկնածուով, այսօր կպայքարեն Շիրակի մարզի 19 բնակավայր միավորող Անի խոշորացված համայնքի ավագանու տեղերի համար: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրությունները նորմալ են ընթանում: Այս մասին հայտնում է տեղում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այս պահի դրությամբ ՏԸՀ-ն որևէ բողոք կամ արտառոց խախտում չի արձանագրել: «Ամեն ինչ հանգիստ ընթանում է, միայն մեկ տեղամասում՝ Քարաբերդում, կրկնակի ընտրություն է արձանագրվել, այն էլ անուշադրության պատճառով: Նշեմ, որ այս պահին 7,8 տոկոս մասնակցություն է արձանագրվել՝ 15901 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1244-ը»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց ՏԸՀ նախագահ Գոռ Պետրոսյանը:
Ընտրապայքարին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը և «Հայկական երազանք» կուսակցությունը։
Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ ՏԸՀ-ն ՔՊ-ից ստացել է ընտրությունների մասնակցության 63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։
«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է «Ռեֆորմիստների» և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միության» կուսակցությունների միավորումը, ունի ավագանու 61 թեկնածու, ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, որը երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։
«Հայկական երազանք» կուսակցությունը ՏԸՀ է ներկայացրել ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։
19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 31-ին և ավարտվել սեպտեմբերի 23-ին:
Նշենք, որ այսօր ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում։