Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասն արգելանքի տակ է դրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանը (պաշտոնավարել է 1999-2016 թվականներին) կատարել է պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Պարզվել է, որ Դարբինյանը մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը և դրան տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։
Այնուհետև ավագանու հաստատմանն է ներկայացրել նույն հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է:
Աճուրդով մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերեսյանին և գրանցվել սեփականության իրավունքը:
Այդպիսով Վանաձոր համայնքին էական վնաս է պատճառվել, ինչի համար Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքի չարաշահման ) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1–ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարել) համար:
Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ
Գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: