ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով սեփական տան մեջ թալանել են 59-ամյա կնոջը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավազակային հարձակման մասին ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել երեկ` ժամը 03։25-ի սահմաններում։
«Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ, 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք իր տան մուտքի դուռը բացել են ու ներս մտել։ Նրանք պահանջել են, որ տանտիրուհին հայտնի, թե որտեղ են ոսկյա զարդերն ու գումարը»,–գրում է կայքը։
Այնուհետև դիմակավորված անձանցից մեկը տարել է հեռուստացույցը, իսկ մյուսը` տան խնայողություններն ու ոսկյա զարդերը։ Նրանք դիմել են փախուստի։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։