ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Սկոլկովո» նորարարական կենտրոնն առցանց հարթակ է բացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում պատվերների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սկոլկովո» հիմնադրամի ԱՊՀ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային զարգացման գծով փոխնախագահ Ալեքսանդր Օկունևը։
Sk&D Market հարթակը թույլ կտա առցանց ռեժիմով գործընկերներ փնտրել, որոնք կկարողանան ինժեներական կամ հետազոտական աշխատանքներ կատարել: Սա պարզապես հայտարարությունների հարթակ չէ, որտեղ կարելի է պատվերներ տեղադրել կամ ուրիշի պատվերը տեսնել։ Ալգորիթմի օգնությամբ հարթակը որոնում է իրականացնում այնտեղ գրանցված ընկերությունների շրջանում և գտնում է ամենահարմար գործընկերներին (նրանց գործունեության նկարագրման մեջ նշված բանալի բառերով)։
Օկունևը նշեց, որ «Սկոլկովոյից» ավելի քան 20 ընկերություն է արդեն աշխատում Հայաստանում, դրանցից մեկի մասին մենք վերջերս գրել էինք։ Ընդ որում` ոմանք պատրաստ են այստեղ ոչ միայն վաճառքներ իրականացնել, այլև արտադրություն բացել։ Ուստի նրանց հետաքրքրում են տեղական ազատ տնտեսական գոտիների պայմանները։
«Սկոլկովոյի» պատվիրակությունը հանդիպում է անցկացրել նաև Երևանի ինժեներական քաղաքում։ Ինժեներական ընկերությունների այդ կլաստերում հարկային արտոնություններ չեն գործում, բայց այն առանձնանում է նրանով, որ տասնյակ ընկերություններ այստեղ աշխատում են նույն տարածքում և փոխգործակցում են միմյանց հետ։
«Մեր ընկերությունները շահագրգռված են հայ գործընկերներից ծառայություններ պատվիրելու հարցում, քննարկվում են նաև համատեղ ձեռնարկությունների նախագծերը»,–հավելել է Օկունևը:
2022թ.-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ կաջակցի այն ընկերություններին, որոնք կցանկանան արդիականացնել արտադրությունը, այդ թվում՝ նոր սարքավորումներ տեղադրել կամ թվայնացնել արտադրական գործընթացները։ «Սկոլկովոյում» կան ընկերություններ, որոնք արտադրական գործընթացների այդպիսի թվայնացում են առաջարկում, այդ թվում՝ Հայաստանում գործող ընկերությունների մասնակցությամբ։ Դրանց թվում են VisionLabs-ը, Visitech-ը և ուրիշներ: Հայ արդյունաբերողների հետ աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն կարող են ցուցաբերել թե՛ նրանք, թե՛ «Սկոլկովոյի» տասնյակ այլ ռեզիդենտներ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում արդեն 4 ընկերություն է աշխատում «Սկոլկովոյից»։ Բացի «Բոնակից» այստեղ են նաև սենդվիչ-պանելների և խոշոր ապակեփաթեթների հավաքման և տեղադրման ձեռնարկությունները (ընդ որում` նոր տեխնոլոգիայով, որը 1.5-2 անգամ ավելացնում է արտադրողականությունը)։
Նշենք, որ «Սկոլկովոյի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում «Սկոլկովոյի» ներկայացուցիչները մասնակցել են հայկական բիզնեսի հետ կապված կլոր սեղանին, որը կազմակերպել էր Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը: