ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներին 102-րդ ռազմակայան և Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ զորակոչելու մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Telegram ալիքներում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արտահոսք էր հայտնվել այն մասին, որ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիները զորակոչվելու են 102-րդ ռազմակայան և Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբ:
«Այդ թվային հարթակներում (Telegram ալիքներում) տարածվող տեղեկատվությունը` ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին հղումով, զորահավաքի հետ կապված բացարձակ կեղծ տեղեկություն է: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը որևէ մեկնաբանություն չի տվել և տվյալ թեմայով որևէ ԶԼՄ-ի հետ չի շփվել»,-նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ մասնակի զորահավաքի հետ կապված հարցերով անհրաժեշտ է կողմնորոշվել բացառապես ՌԴ ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությամբ:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 212-րդ օրը։