ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով պատերազմել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
«Ռումինիան չի պատրաստվում պատերազմել, ինչպես և ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, բայց դեէսկալացիան պետք է գոյություն ունենա երկու կողմից... Սա շատ լարված իրավիճակ է, և մենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, ակնհայտորեն հատուկ իրավիճակում ենք գտնվում»,- նշել է Յոհաննիսը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նա շեշտել է, որ Ռումինիան պատրաստվում է ցանկացած սցենարի, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հույս ունի:
Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է մարդկանց պաշտպանության նպատակով գործողություն, քանի որ Կիևի ռեժիմի կողմից ժողովուրդը ենթարկվել է ծաղրի, ցեղասպանության։
Նրա խոսքով` ծրագրվում է անցկացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար։
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին, և մարտի 25-ի դրությամբ կատարել էին առաջին փուլի հիմնական խնդիրները՝ զգալիորեն նվազեցնելով Ուկրաինայի մարտական ներուժը: Իսկ ռուսական ռազմական գերատեսչության խոսքով` գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է։
Ի պատասխան Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։