Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում երթևեկությունը կաթվածահար է։ Այս մասին հայտնում է «Georgian News» տեղեկատվական պորտալը։
Հրատարակության տվյալներով՝ սահմանի ռուսական կողմում հսկայական հերթ է գոյացել, որի երկարությունը գրեթե 15 կիլոմետր է։ Հազարավոր մեքենաներ և հարյուրավոր բեռնատարներ փորձում են անցնել «Վերին Լարս» անցակետով ։
«Վերջին երկու օրերին մաքսակետը ժամանակ առ ժամանակ փակվել է տեխնիկական խնդիրների պատճառով, և հերթերը դրա հետևանքն են»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով սոցցանցերի օգտատերերին։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Օսիայի սահմանային հսկողության մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ Վերին Լարսն աշխատում է բնականոն հունով` առանց սահմանափակումների, բաց են երթևեկության համար նախատեսված բոլոր երթուղիները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։