Իրանը միջոցներ կձեռնարկի ի պատասխան դեսպանին հավատարմագրումից զրկելու` Ուկրաինայի որոշման

Թեհրանը Կիևին խորհուրդ է տվել չտրվել երրորդ կողմերին, որոնք ձգտում են խաթարել Իրանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ափսոսանք է հայտնել Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը զգալիորեն կրճատելու` Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր արձագանքել Ուկրաինայի դեմ իրանական արտադրության զենքի օգտագործման փաստերին:

«Թեհրանը համապատասխան միջոցների կդիմի ի պատասխան այդ դեմարշի։ Մենք Կիևին խորհուրդ ենք տալիս խուսափել երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի միջև հարաբերությունները»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է IRNA-ն։

Քանանին նշել է, որ ԻԻՀ-ն չեզոք դիրքորոշում է պահպանում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Նրա խոսքով` վերջին մի քանի ամսվա ընթացքում Իրանի արտգործնախարարի հանդիպումներն ու հեռախոսազրույցները Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ, ուղղված են եղել վեճի լուծմանը:
ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումից հետո Մասկը հայտարարել է Իրանում Starlink-ի գործարկման մասին
Թեհրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի արձագանքը հաջորդել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշում կայացրեց նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, ինչն արտահայտվեց Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելով և Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը կրճատելով։