Երևանի նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօրվա հրդեհից հետո առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում նախկին պլաստիկի գործարանի տարածքում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, առկա է փլուզման վտանգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ այսօր` ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
«Հրդեհը մարվել է 13։14-ին։ Արտադրական տարածքի մոտ 150 քմ հատվածում այրվել է 120 քմ իզոգամ, ջերմահարվել է 6 հաստոց և փլուզվել տանիքի երկաթբետոնե ծածկը՝ մոտ 120 քմ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև քաղաքապետարանի երկու ջրատար:
Հիշեցնենք` շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մոտ 10 քաղաքացու առաջին բուժօգնություն էր ցուցաբերել, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը ծխի պատճառով վատացել էր։