ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար: Այս մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը։
«Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:
Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։