Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատական է պետք. Փաշինյանը` Միշելին

Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը։
«Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։