ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է վիրաբուժական բաժանմունք՝ 3 վիրահատարանով, արթնացման սրահով, վերակենդանացման բաժանմունքով: Բաժանմունքում լինելու է նաև հետվիրահատական 7 հիվանդասենյակ, որտեղ կա 13 մահճակալ: Հիմնանորոգվել է մոտ 500 քմ տարածք:
Նոր կառուցված բաժանմունքում Զինվորի տան տղաները կարող են անցնել բուժման բոլոր փուլերը՝ վիրահատական միջամտությունից մինչև վերականգնողական բուժում:
«Մեր զինվորներն այսուհետև կկարողանան վիրաբուժական միջամտություններն անցնել այստեղ, առանց որևէ այլ հիվանդանոց տեղափոխվելու։ Այս բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուրոլոգիական և այլ վիրաբուժական ծառայություններ: Վիրաբուժական բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր, Զինվորի տան համահիմնադիր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
Արմեն Մուրադյանը նոր բաժանմունքում
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` ընդհանուր ներդրումները կազմել են 950 մլն դրամ, որից 560–ը տրամադրվել է շինարարական և շենքի ամրացման աշխատանքներին։ Մնացած գումարը ծախսվել է սարքավորումների ձեռքբերման համար։ Վիրահատարանները կգործեն լիցենզավորումները ստանալուց հետո։ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ մոտ 2 շաբաթից կենտրոնում ևս մեկ բաժանմունք են կբացվի։
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը տեղեկացրեց, որ Զինվորի տան վիրաբուժական բաժանմունքի տարածքը հիմնանորոգվել է Հայ օգնության միության (ՀՕՄ) ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության, Միացյալ Նահանգներում գործող Family Rescue Fund–ի և Նազ Բաշքիջյան–Աթիկյանի աջակցությամբ։
«Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր վիրահատարաններից մեկում իրականացվելու են լազերային վիրահատություններ։ Պատերազմից հետո բազմաթիվ տղաներ այրվածքներ էին ստացել, և այդ սպիները բուժելու համար Face of Angel կազմակերպության տնօրենը պատրաստակամություն հայտնեց նման սարք նվիրաբերել կենտրոնին»,– ասաց Մինասյանը։
Նշենք, որ Զինվորի տան բարերարներն են նաև Բելգիայի կառավարությունը, Veterans of Armenia բարեգործական հիմնադրամը, One Armenia կազմակերպությունը։
Զինվորի տան գլխավոր բժիշկ, ուրոլոգ Միքայել Սահակյանն էլ շեշտեց, որ վիրահատարաններից մեկում առկա է օդափոխության լամինար (միակողմանի – խմբ.) հոսք, ինչը 99 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկը։
Զինվորի տան գլխավոր բժիշկ, ուրոլոգ Միքայել Սահակյան
© Sputnik / Aram Nersesyan
Կենտրոնի շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Ժամկոչյանը ծառայել է Ասկերանի շրջանում, վիրավորումը ստացել է Հադրութում` հոկտեմբերի 16-ին։ Նա վիրավորվել է դիպուկահարի կրակոցից. վնասվել է ողնուղեղը։
Հայկ Ժամկոչյան
© Sputnik / Aram Nersesyan
«Կարծում եմ՝ մեր նոր կենտրոնում բոլոր վիրահատությունները դրական արդյունք կտան և կնպաստեն արագ վերականգնմանը։ Ես 1 անգամ եմ վիրահատվել, այլ հիվանդանոցում, սակայն վստահ եմ, որ այստեղ էլ կստանայի ճիշտ բուժում։ Դեռևս այլ վիրահատության կարիք չունեմ, սակայն անհրաժեշտության դեպքում անպայման կնախընտրեմ հենց այստեղ վիրահատվել»,– նշեց Հայկը։
Պատերազմի մեկ այլ մասնակից էլ` 23-ամյա Դավիթ Հարությունյանը, ավելի վաղ ծառայել է «Եղնիկներում», մարտական գործողություններին մասնակցել է որպես պահեստազորային կրկին «Եղնիկներում»։
Դավիթ Հարությունյան
© Sputnik / Aram Nersesyan
«Վիրավորումը ստացել եմ տանկի «սնարյադից»՝ գլխի հատվածում։ 1 ամիս կոմայի մեջ եմ եղել, հետո էլ չէի կարողանում քայլել, սայլակով էի տեղաշարժվում։ Այստեղի վերականգնողական բուժումների ընթացքում արդեն քայլում եմ և անգամ առանց ձեռնափայտի, միայն ձախ ձեռքս է անշարժ։ Ընդհանուր առմամբ 2 վիրահատություն տարել եմ գլխի շրջանում, ևս 2-ն էլ՝ ներքին օրգանների հետ կապված»,– ասաց Դավիթը։
Նա շեշտեց` ապագայում վիրահատության կարիք կունենա, թե ոչ, դեռևս պարզ չէ, սակայնանհրաժեշտության դեպքում կնախընտրի հենց Զինվորի տանը վիրահատվել։
Վերականգնողական կենտրոնում ընդհանուր առմամբ ամսական 300 զինվոր է բուժում ստանում։