ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին։
Գրանցվել էր ավագանու 46 անդամ։ Նրանցից 44 կողմ–ը կողմ քվեարկեցին Ավինյանի թեկնածությանը, 2–ը` ձեռնպահ։ Դեմ ձայն չկար։
Նշենք, որ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը պետք է քննարկվեր դեռ սեպտեմբերի 13-ին, բայց ՀՀ–ի դեմ Ադրբեջանի սկսած ագրեսիայի հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր։
Այս պահին Երևանը 5 փոխքաղաքապետ ունի։ Ավինյանը համակարգելու է թաղապետների և կառավարության հետ աշխատանքը, շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի բլոկները։
Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։