ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և կազմակերպության «Եռյակը» ներկայացնող Շվեդիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն, Բույարա Օսմանին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ն։
Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերջին սրումը նույնպես հանդիպման ուշադրության կենտրոնում էր։
««Եռյակի» նախարարները և գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները։ Նրանք համաձայնել են ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցությունների հրատապությանը և հիշեցրել տարածաշրջանում ԵԱՀԿ փորձի ու գործիքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ «Եռյակի» և գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը ևս այս օրերին մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի և գլխավոր քարտուղարի հետ։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը եցրոպացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։