ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ն հրահրում է միջուկային էսկալացիա և սպառնալիք ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Կարիբյան ճգնաժամի 60-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստիին։
«Մարտական հերթապահության են դրվել Trident-2 սուզանավերի բալիստիկ հրթիռները՝ նվազեցված հզորության մարտալիցքերով, որոնք նախատեսվում է օգտագործել միջուկային զենքի սահմանափակ կիրառման որոշ սցենարներում։ Դրանով ամերիկացիները կանխամտածված նվազեցնում են միջուկային շեմը», - հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Պենտագոնն իրականացնում է միջուկային ներուժի արդիականացման ապակայունացնող ծրագիր։ Շեշտել է՝ Վաշինգտոնը գրեթե ոչնչացրել է սպառազինության նկատմամբ ավանդական վերահսկողությունը:
Ռյաբկովը հավաստիացրել է, որ իր հերթին Մոսկվան ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով: Դիվանագետը նշել է, որ գերատեսչությունում նկատել են ԱՄՆ-ի ցավոտ արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգին՝ զսպման ռուսական ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմ տեղափոխելու վերաբերյալ: