Ռուսաստանի ՊՆ-ում հստակեցրել են` ովքեր ենթակա չեն մասնակի զորահավաքի

Քաղաքացիներին զորահավաքից ազատելու հիմք կհամարվեն ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում համապատասխան կազմակերպությունների ղեկավարների կողմից ներկայացված ցուցակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ֆինանսական համակարգի, ինչպես նաև առանձին բարձրտեխնոլոգիական ճյուղերի աշխատանքն ապահովելու համար որոշում է ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին համապատասխան մասնագիտությունների և վերապատրաստման ուղղությունների գծով մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության մեջ չներգրավելու մասին։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ինչպես նշել են նախարարությունում, զորահավաքի ենթակա չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպություններում և ներգրավված են ՏՏ ոլորտում լուծումների մշակման, զարգացման, ներդրման, ուղեկցման և շահագործման և տեղեկատվական ենթակառուցվածքի գործունեության ապահովման գործում:
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ խոսքը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների մասին է, որոնք աշխատում են «կապի ռուսական օպերատորներում և ներգրավված են կապի կառույցների, տվյալների մշակման կենտրոնների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ընդհանուր օգտագործման միջոցների և կապի գծերի կայունության, անվտանգության և ամբողջականության ապահովման գործում»:
Խոսքը նաև այն մասնագետների մասին է, որոնք աշխատում են «տեղեկատվության և կապի բնագավառում համակարգաստեղծ կազմակերպություններում, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց մասին, որոնք գրանցված զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր և (կամ) խմբագրություն և (կամ) հրատարակիչ և (կամ) հեռուստաալիքի, ռադիոալիքի հեռարձակող են հանդիսանում և ներգրավված են զանգվածային լրատվության միջոցների արտադրանքի ստեղծման և (կամ) տարածման մեջ:
Զորահավաքի ենթակա չեն նաև այն քաղաքացիները, որոնք աշխատում են ազգային վճարային համակարգի և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայունությունը, բանկային իրացվելիության կառավարումը, կանխիկ դրամական շրջանառությունն ապահովող կազմակերպություններում։
Ում տարկետում կտան, և արդյոք սահմանը կփակվի. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Զորահավաքին քաղաքացիների ներգրավումից ազատելու հիմք կհամարվեն քաղաքացիների ցուցակները, որոնք համապատասխան կազմակերպությունների ղեկավարները սահմանված ձևով ներկայացնում են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։