ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան ու դրա հետևանքները:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանի և Գուտերեշի հանդիպումը կայացել է Նյու Յորքում`ՄԱԿ-ի ԳՎ շրջանակներում։
«Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Տեղեկացվում է, որ Անտոնիու Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։