Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Փաշինյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Փաշինյանի հանդիպումը Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ
Վարչապետը շեշտել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ ադրբեջանական գործողությունների դատապարտման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպել է Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են ՀՀ 36 բնակավայրերեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։