Մեր անվտանգությունն ապահովող ավելի լավ երաշխիք, քան տալիս է ՌԴ-ն, դեռ չեմ տեսել․ քաղաքագետ

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՄԱԿ-ի ճգնաժամի ու ՀԱՊԿ գործողությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի որոշումները հիմնականում մնում են թղթի վրա և էականորեն չեն փոխում իրավիճակը հակամարտող երկների տարածքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը հավելելով, որ ՄԱԿ-ը որպես կառույց արդեն 30 տարի է՝ ճգնաժամի մեջ է։
«Ամենակոնֆլիկտային իրավիճակներում ՄԱԿ-ի որոշումները մնում են անկատար։ Պատճառը այն է, որ կան միջազգային ավելի հզոր կառույցներ, որոնք ավելի արդյունավետ են գործում, հենց նրանցից է կախված իրադարձությունների հանգուցալուծումը։ Օրինակ՝ G7-ը , G20-ը, ՆԱՏՕ-ն և էլի մի քանի կառույցներ, որոնք փաստացի ինչ ուզում անում են։ Այնպես որ շատ հույսեր կապել ՄԱԿ-ի հետ պարզապես միամտություն կլինի։ Շատերն արդեն գիտեն՝ փուչիկ է»,- նշում է քաղաքագետը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի հետ քննարկել է սահմանի իրավիճակը
Միևնույն ժամանակ Քեռյանը կարծում է, որ չպետք է ամբողջությամբ արհամարհել այդ կառույցը ու երբ կա հնարավորություն՝ պետք է այնտեղից բարձրաձայնել երկրի խնդիրների մասին։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործողություններին սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի սանձարձակած ագրեսիայից հետո՝ Գարիկ Քեռյանը ասաց, որ ՀԱՊԿ-ն պրակտիկորեն հնարավորություն չի ունեցել ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում, քանի որ Ռուսաստանը այս պահին ինքն էլ պատերազմական իրավիճակում է․ «Այս փաստը հայ հասարակության մեջ ծնել է արևմտամետ տրամադրություն, բայց ես սրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում»,- նշեց Քեռյանը։
Ինչ վերաբերում է արևմտյան երկրների հնարավոր աջակցությանը Հայաստանին, ապա քաղաքագետը նշում է, որ դրանք զրույցի մակարդակից երբեք առաջ չեն գնում․
«Որևէ իրական պայմանագիր կամ քայլ, որ կարող է Հայաստանի անվտանգային միջավայրը ավելի լավ ապահովել, քան Ռուսաստանն է դա անում, ես դեռևս չեմ տեսել»։
Քաղաքագետը այսօրվա իրադարձությունները նմանեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին․ «Այն ժամանակ էլ արևմտյան երկրները Հայաստանին խոսք տվեցին 190 հազ քկմ, մեր երկրի ղեկավարներին տարան Սևր, իսկ երբ թուրքական զորքերը հարձակվեցին՝ նրանց հետքը կորավ։ Այս 29 հազար քկմ-ը, որ ունենք այսօր, Խորհրդային Միության բանակցությունների շնորհիվ է։ Ես շատ եմ վախենում, որ նույնը կկրկնվի հիմա , իսկ պատմությունը, գիտենք, կրկնվելու վատ սովորություն ունի»,- ասում է նա։
Քաղաքագետը հորդորում է մի կողմ թողնել արևմտամետությունն ու ռուսամետությունը և հաշվարկելով մեր ուժերը՝ փորձել ինքնուրույն ելքեր գտնել ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ պայքարում։