Ուղղակի պահն այնքան էլ շահեկան չէ՝ բոլորը զբաղված են Ուկրաինայով։ Չնայած ճիշտ եք՝ հայկական խնդիրների արծարծումն այդ բարձր ամբիոնից նախկինում էլ շոշափելի արդյունք չի տվել։
Հայաստանցիներն ու արցախցիները դա հրաշալի գիտեն և, այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ միջազգային հանրության և մասնավորապես ՄԱԿ-ի հետ կապված հույսերը վերջինն են մեռնում։
Ի՞նչ հույսեր։ Առաջին` ՄԱԿ-ը ճնշում կբանեցնի Ադրբեջանի վրա և գոնե կկանխի ագրեսիայի հետագա փորձերը։ Բոլորը գիտեն, որ սա պատրանք է, մանավանդ այնպիսի պետության դեպքում, որի ղեկավարը հայտարարում է. «Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել՝ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի»։
Այսինքն` Իլհամ Ալիևը նախօրոք զգուշացնում է՝ ինչ գնահատական ուզում եք տվեք այնտեղ՝ Նյու Յորքում, մեզ համար դա դատարկ խոսակցություն է։
Մեր երկրորդ հույսը` միջազգային հանրությունը կպաշտպանի ժողովրդավարական Հայաստանը բռնապետական Ադրբեջանից։
Այս միտքը Նյու Յորքում հստակ արտահայտեց Նիկոլ Փաշինյանը. «Շատ կարևոր է փաստել, որ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությունը։ Հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը։»։
Մեր վարչապետի տրամաբանությունը երևի հասկանալի է՝ բա ինչո՞ւ չեք պաշտպանում մեզ, երբ մեզ վրա հարձակվում է ավտորիտար պետությունը։
Միանգամից ասեմ, որ դեմոկրատիան պաշտպանելու՝ ՄԱԿ-ի պարտականության մասին մենք չէ, որ առաջինը խոսում ենք։
Տասնամյակներ առաջ, երբ հրեական պետությունը նոր էր ստեղծվել ու անմիջապես էլ հարձակման ենթարկվել հարևանների կողմից, Իսրայելի արտգործնախարար Աբբա Էվենը, ելույթ ունենալով նորաստեղծ ՄԱԿ-ում, ասում էր.
«Այս կազմակերպության հիմնական նպատակներից մեկը դեմոկրատիայի հաստատումն է ողջ աշխարհում։ Մենք տարածաշրջանի միակ ժողովրդավարական պետությունն ենք, որի վրա հարձակվել են 9 բռնապետական պետություններ։ Հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ մեր ժողովրդավարական կառավարությա՞ն, թե՞ բռնակալական ռեժիմների»։
Այս հարցը տասնամյակներ շարունակ այդպես էլ մնաց օդում կախված։
Մեր երրորդ հույսը. եթե 2025 թվականին Ադրբեջանը կտրուկ պահանջի, որպեսզի ռուսաստանցի խաղաղապահները հեռանան, միգուցե նրանց փոխարեն ՄԱԿ-ը կշարունակի խաղաղապահ առաքելությունը։
Վախենամ՝ ՄԱԿ-ից էլ կսկսենք բողոքել, այն էլ՝ շատ ավելի հաճախ, որովհետև ակնհայտ է, որ ագրեսորին միայն ուժով կարող ես կանգնեցնել, մինչդեռ, ինչպես փաստում են մասնագետները, ՄԱԿ-ի ուժերը ընդամենը վերահսկում են հրադադարի պահպանումը և բաժանում են պատերազմող կողմերին։
«Երկնագույն սաղավարտները» չեն կռվում որևէ պետության կամ զինված խմբավորման դեմ։ Այսինքն` տեսնելով, որ միջազգային խաղաղապահ ստորաբաժանումները չեն կանգնեցնում ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումը, մենք հերթական անգամ կսկսենք գանգատվել՝ այս անգամ արդեն ՄԱԿ-ի խաղաղապահներից։
Կա, իհարկե, մեկ այլ հույս, որի մասին սովորաբար գերադասում են չխոսել։ Այնինչ հայտնի է, որ բազմաթիվ հակամարտություններ ծագում են այն պատճառով, որ այսինչ տարածքում բնակվող հանրությունը ցանկանում է տնօրինել իր ճակատագիրը և ստանալ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք։
Հենց նույն Արցախը կամ Քաշմիրը, որոնք մի քանի պատերազմների առիթ են տվել։ Եվ որոշ մասնագետներ համոզված են, որ ՄԱԿ-ը պետք է ընդունի այդպիսի տարածքների իրավունքների վերաբերյալ հռչակագիր, որտեղ ամրագրված կլինեն մարդկանց պատմամշակութային և տարածքային ինքնության իրավունքները։
Սակայն հասկանալի է, որ մեծ տերություններն այս գաղափարը չեն ընդունում՝ անվանելով այդ ամենը «անջատականություն»։ ՄԱԿ-ն էլ լռում է. այդպես ավելի հանգիստ է։
Եվ ի՞նչ է ստացվում։ Երբ միջազգային հանրությունը, որի կամքի արտահայտողը առաջին հերթին պետք է լինի հենց ՄԱԿ-ը, մեզ ասում է` իջեցրե′ք նշաձողը Ղարաբաղի կարգավիճակի հարցում, մեր իշխանություններն անվերապահորեն ընդունում են այդ հորդորը և այլևս չեն էլ խոսում Արցախի կարգավիճակի մասին, իսկ երբ մենք ենք դիմում միջազգային հանրությանը` ահազանգելով, որ մեր ինքնիշխան տարածքը ագրեսիայի է ենթարկել, ստանում ենք նույն լավ ծանոթ պատասխանը՝ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։
Կներեք, բա էլ ի՞նչ էիք սպասում մի կազմակերպությունից, որը տասնամյակներ շարունակ հավասարության նշան է դրել ագրեսիայից տուժածի և ագրեսորի միջև։