ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պաշտոնյաները խոսել են հավաքական քայլերի մասին, որոնք ուղղված են իրավիճակը հաղթահարելուն։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։