ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է կադրային փոփոխությունները համակարգում։ Այսօր Վարդապետյանի տորագրած նոր հրամանագրով աշխատանքից ազատվել է նրա տեղակալը` Արմեն Աֆանդյանը։
Դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն` Աֆանդյանի լիազորություները դադարեցվելու են սեպտեմբերի 26-ից։
Նշենք, որ Արմեն Աֆանդյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020թ–ին` նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով։
Մինչ այդ նա 1 տարի զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության` սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը, դրանից առաջ 2 տարի եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, իսկ մինչ այդ` Սյունիքի մարզի դատախազ։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո գրեթե անմիջապես հրամանագիր էր ստորագրել գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Բացի այդ ազատել էր նաև վերջինի տեղակալներ Արսեն Սարդարյանին ու Սևակ Հովհաննիսյանին։