ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատունը հոկտեմբերի 1-ից կսկսի աշխատել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այս ընթացքում խաղատան ողջ անձնակազմը ցրվել, հեռացել է, իսկ խաղատունն աշխատեցնելու համար անհրաժեշտ է 700-ից ավելի աշխատակից: Ստիպված են եղել այդ կադրերի մոտ կեսին հրավիրել դրսից»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի` խաղատունը 2018թ–ից ի վեր չէր գործում իշխանությունների հետ ունեցած քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Նշենք, որ ՀՀ կառավարության ու ՊԵԿ պաշտոնական մեկնաբանությամբ` խնդիրը ծագել է 2020 թ–ից ի վեր չկատարված հարկային պարտավորությունների հետևանքով։ Հայաստանում խաղատները տարեկան 1.75 մլրդ դրամ գումար են վճարում լիցենզավորված գործունեություն իրականացնելու դիմաց։ Ծառուկյանին պատկանող խաղատունը 2.4 տարի պետտուրք չվճարելու հետևանքով 4.2 մլրդ դրամ հարկային պարտավորություն է կուտակել։
Այս հիմքով ֆինանսների նախարարի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով խաղատան լիցենզիան կասեցվել էր։ Ընկերությունը վիճարկել էր նախարարի հրամանը, և դատական գործընթացներ էին սկսվել։
Հարցը հանգուցալուծվել է վճռաբեկ դատարանի` մայիսի 18-ի որոշմամբ, որով նախարարի հրամանը չեղարկվել է, խաղատան լիցենզիան` վերականգնվել։
Իսկ պետտուրքի չվճարելը, ըստ կառավարության, Ծառուկյանը հիմնավորել է 2020-ի կորոնավիրուսի հետևանքով ՀՀ–ում խաղատների գործունեությունն արգելելու որոշմամբ։
ՀՀ կառավարության` 2022թ–ի հուլիսի 7–ի որոշմամբ «Շանգրիլան» ազատվեց կուտակված պետտուրքի վճարումից։
Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ պետտուրքի վճարումն իր վրա վերցնելով` պետությունը փաստորեն աշխատանքը զրոյական պարտավորությամբ վերսկսելու հնարավորություն է տալիս խաղատանը։
Որոշումն ուժի մեջ է մտել ոչ թե կայացման պահից, այլ 2022թ–ի հոկտեմբերի 1-ից, քանի որ խաղատունը կառավարությունից այդքան ժամանակ էր խնդրել իր բիզնեսը վերականգնելու համար։