ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը, մեր զրուցակիցը չհստակեցրեց, այլ մանրամասներ ևս չհայտնեց։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։