Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Դատավոր Ազարյանը սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են, տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
Նշվում է, որ Ազարյանը սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը երեկ ստորագրել է Ազարյանի` աշխատանքից ազատման դիմումը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովում միության նախագահ ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։
Ազարյանն առաջարկել է ԲԴԽ-ին՝ բարձրացնել Անդրեասյանին պատասխանատվության ենթար­կելու հարցը
Ի դեպ, Ազարյանն այն դատավորն է, որը քննել է «5»-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը և բավարարել պաշտպանական կողմի բողոքը` Թավադյանն ազատ էր արձակվել։ Դրանից հետո պարզ էր դարձել, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. ըստ տեղեկությունների՝ պատճառը դատավորի կողմից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին արված արտահայտություններն են:
Բացի այդ, հենց Ազարյանն էր, որ 2018-ին որոշում կայացրեց կալանքից ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` բեկանելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։
Ամիսներ առաջ էլ Ազարյանը դիմել էր միջազգային կառույցներին` հայցելով նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։