Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը Հայաստանին ևս 6 զինծառայողի մարմին է հանձնել

Թե որտեղ է տեղի ունեցել հայ զինծառայողների մարմինների փոխանցումը, չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ մարմինների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել ադրբեջանական կողմից հայկական կողմին հայ զինծառայողների մարմինների հանձնմանը»,- նշեց Ամատունին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 95 հայ զինծառայողի դի։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։ Փոխանցված մարմինների ընդհանուր թիվը դարձավ 133։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։